Որեւէ կասկած չկա, որ նման աշխատանք կատարվելու է: NEWS.am-ի թղթակցի հարցին, թե չեք կարծո՞ւմ, որ Կարեն Կարապետյանի՝ «արջի ծառայություններ» մատուցողների վերաբերյալ արված զգուշացումը բավարար չէ եւ անհրաժեշտ է մամուլի հրապարակումների հիման վրա քննություն կատարել եւ պատժել, այսպես ասած, «արջի ծառայություններ» մատուցածներին, այսպես արձագանքեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը:

«Որեւէ կասկած չկա, որ նման աշխատանք կատարվելու է, դա զուտ հայտարարություն չէ: Ուզում եմ նշել նաեւ, որ Հանրապետականի առաջարկությամբ նաեւ Քաղաքացիական ծառայությունը կարգավորող օրենսդրության մեջ նախատեսվել են դրույթներ, որոնք հիմք են տալիս նման դեպքերում անձին ազատել անգամ պաշտոնից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, ասել է, որ անթույլատրելի է ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործել քարոզչության համար:

«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն «արջի ծառայություններ» են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին», – ասել է նա: