ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը մտադիր է պահպանել Սպիտակ տան մոտ գտնվող բանջարանոցը, որը խնամում էր նրա նախորդը՝ Միշել Օբաման: Նախագահի տիկնոջ ավագ խորհրդական Ստեֆանի Ուոլքոֆը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ առաջին տիկինը կհետեւի, որ հոգատար վերաբերմունք լինի հայտնի Վարդերի այգու եւ ոչ մեծ բանջարանոցի հանդեպ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

2009 թվականին Միշել Օբաման ամերիկացի աշակերտների հետ Սպիտակ տան Հարավային մարգագետնում հիմնել է բանջարեղենի մարգեր: Նախկին բանջարանոցը վերականգնելու խնդրանքով նրան էր դիմել Kitchen Gardeners International միջազգային կազմակերպությունը, որը էկոլոգիապես մաքուր սնունդ է քարոզում:

Բանջարանոցը այն արշավի կենտրոնական տարրն էր, որը Միշել Օբաման ծավալել էր երեխաների եւ դեռահասների առողջ սնվելու աջակցության օգտին եւ ճարպակալման դեմ պայքարելու նպատակներով: Առաջին տիկինը  այգում աշակերտների համար կրթական էքսկուրսիաներ է կազմակերպել, իսկ երեխաները նրան աշնանն օգնել են հարուստ բերք հավաքել: