Պեկինը կարծում է, որ Կորեական թերակղզու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսելու հնարավորություն դեռեւս կա, եւ նախկինի պես խաղաղության հույս կա։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթից հետո հարցերին պատասխանելով, հաղորդում է «Սինհուա»-ն։

«Մենք, իհարկե, պետք է խստորեն իրականացնենք ՄԱԿ-ի ԱԽ 2270 եւ 2321 բանաձեւերը։ Սակայն չի կարելի հրաժարվել բանակցությունների վերսկսման ջանքերից, քանի որ դա նաեւ նախատեսված է ԱԽ բանաձեւերով»,- ընդգծել է Վան Ին։

Նա հավելել է, որ Չինաստանը կոչ է անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրադրության սրմանը՝ համատեղ երկխոսության վերականգնման միջոցներ փնտրելով։ Լինելով Կորեական թերակղզու անմիջական հարեւան՝ Չինաստանը պատրաստ է իր վրա վերցնել միջնորդի դրական դերակատարումը։