Հայաստանում պաշտոնապես գրանցված է 64 աղանդ, եւ գործում են ավելի քան 100 ոչ պաշտոնական կրոնական կազմակերպություններ: Այդ մասին Երեւան-Մոսկվա-Թբիլիսի-Կիեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ապակառուցողական պաշտամունքների զոհերի օգնության եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նրա խոսքով, այսօրվա դրությամբ աղանդների անդամ են 350 հազար մարդ, նրանցից 100 հազարը՝ ապակառուցողական աղանդների: «Դա բավական մեծ թիվ է 3 միլիոն բնակչությամբ երկրի համար»,-ասել է նա, չնշելով, թե ինչ հաշվարկների վրա է նա հիմնվում: Նկատենք, որ եթե հավատանք այդ թվերին, ապ ստացվում է, ամեն 10 քաղաքացուց մեկն աղանդավոր է:

Ամարյանին զարմացնում է, որ Հայաստանի բնակչությունը, որ 6 դարերի ընթացքում եղել է իսլամական ազդցության տակ, չի կորցրել իր հավատը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, բայց վերջին 20 տարում այդ հավատը ճաք է տվել: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը հետեւանք է հավաքագրումների եւ Արեւմուտքից եկած աղանդների գործունեության:

Ռուս պրոֆեսոր Ալեքսանդր Դվորկինը նշել է, թե Ռուսաստանում չկան պաշտոնական վիճակագրական տվյալներ, բայց մոտ 600-800 հազար մարդ աղանդավոր է: Պաշտոնապես գրանցված աղանդների թիվը 80 է, ոչ պաշտոնապես գործողներինը՝ անցնում է հազարից: