Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրային ելույթով հանդես է գալու Միսաք Քելեշյանը, ով ներկայացնելու է տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ տարբեր աղբյուրներից հավաքված Ցեղասպանությանը վերաբերող նյութեր:
Դրանք ներառում են լուսանկարային եւ տեսաժապավենային նյութեր, որոնցում արտացոլված են Մեծ Եղեռնից հետո ամերիկյան «Մերձավոր Արեւելքի նպաստամատույց» կազմակերպության կողմից Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղեմում, Եգիպտոսում եւ Հայաստանում իրականացրած որբախնամ գործունեությունը: Հեղինակը բազում պրպտումներից հետո բացահայտել է Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող հետաքրքիր դրվագներ: Ուշագրավ է նաեւ Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած եւ ԱՄՆ նախագահին նվիրաբերած գորգի պատմությունը:
Միսակ Քելեշյանը, համադրելով բազմաթիվ լուսանկարներում եւ տեսանյութերում արձանագրված պատկերները, ուշագրավ բացահայտումներ է արել նաեւ Բեյրութի հայ փախստականների ճամբարների պատմության վերաբերյալ:
Հեղինակի կողմից ներկայացվող որոշ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Մեծ Եղեռնին եւ հայ որբերին, ներկայացվելու են առաջին անգամ:
Միսաք Քելեշյանը ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն է ստացել Անգլիայում եւ արդեն տասնմեկ տարի է, ինչ ապրում եւ աշխատում է Ուոթերթաունում, ներկայումս «Սիլիկոն վելի գրուպ»-ի ներկայացուցիչն է Մերձավոր Արեւելքում:





























