Արցախի Ակնաղբյուր գյուղից 9-ամյա Զարինե Սարգսյանը անցած տարվա օգոստոս ամսից «Արաբկիր» ԲԿ-ում 2 օրը մեկ անգամ հեմոդիալիզ է ստանում: Մայրը` Նունեն, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեխայի 2 երիկամները գրեթե չեն գործում, եւ երեխայի բուժման միակ միջոցը երիկամի փոխպատվաստումն է:
«Զարինեն 2013 թվականին բակում խաղալիս պատահական ընկավ ու չէր կարողանում վեր կենալ: Այն ժամանակ բերեցինք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, բուժեցին երեխային, ասացին որ երիկամների հետ խնդիրներ կլինեն: Անցած տարի ամռանը երեխայի վիճակը վատացավ ու բերեցինք Երեւան, քանի որ Արցախում վախեցան հեմոդիալիզ անել` սրտի հետ խնդիրներ լինելու պատճառով: Այստեղ օրը մեջ տանում եմ հեմոդիալիզի, շատ ծանր է տանում էրեխես, կարելի է ասել գնում է էն աշխարհ ու հետ է գալիս, ես էլ իր հետ»,- պատմեց տիկին Նունեն:
Նունեն բազմազավակ մայր է, ունի 5 երեխա. մեծ աղջիկը ամուսնացել է արդեն, իսկ մեծ տղան բանակում է ծառայում, 2 որդիներն էլ դպրոցական են: Ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է ապրում, տան միակ աշխատողը տիկին Նունեն էր, ով դպրոցի հավաքարարն էր: Տիկին Նունեի խոսքով` այժմ ամուսինն է իր փոխարեն աշխատում` 27 հազար դրամ աշխատավարձով:
Մոտ մեկ տարի արդեն տիկին Նունեն Զարինեի հետ Երեւանում է վարձով բնակվում` երեխային հեմոդիալիզի տանելու համար: Ասում է, որ իր ամուսինը պատրաստ է երեխային տալ իր երիկամը, արյան խումբն էլ համապատասխանում է, սակայն անալիզների եւ վիրահատության համար գումար չունեն:
«Ես էլ, ամուսինս էլ արյուն հանձնեցինք,որ տեսնենք` որ մեկս կարող ենք դոնոր դառնալ երեխային,սակայն իմ արյունը չհամապատասխանեց, ասեցին ամուսինս կարող է դոնոր դառնալ, քանի որ արյան խումբը համընկնում է: Սակայն բազմաթիվ այլ անալիզներ պետք է հանձնենք, որ կարողանան վիրահատությունը անել: Վիրահատությունն էլ 5 միլիոն դրամ արժե, որից 2,5-ը պետությունն է վճարում, իսկ կեսը մենք պետք է վճարենք, սակայն չենք կարող»,- պատմեց տիկին Նունեն:

Տիկին Նունեն պատմեց, որ Զարինեն շատ է տխրում Երեւանում, դպրոց չի հաճախում, կարոտում է քրոջը, եղբայրներին եւ ընկերներին. «Շատ է ուզում` տուն վերադառնանք, շատ է կարոտել: Զարինեի երազանքն է բժշկուհի դառնալ: Միշտ ասում է մամա, որ մեծանամ, բժշկուհի եմ դառնալու»:
9-ամյա Զարինե Սարգսյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 055 209398:
Նաեւ Զարինեի համար Կոնվերս բանկում բացվել է հաշվեհամար` Նունե Սարգսյանի անունով
AMD 1930065934980100
RUB 1930065934980158
USD 1930065934980101
EUR 1930065934980104































