Հույս ունեմ, որ մենք շուտով կվավերացնենք Ստամբուլի կոնվենցիան, որպեսզի ունենանք անհրաժեշտ իրավական հենք ընտանեկան բռնության դեմ պայքարի ոլորտում առաջ ընթանալու համար։ Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի իր ելույթում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արեւիկ Անապիոսյանը։
Փոխնախարարը նշեց, որ ընտանեկան բռնության եւ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի տեսակետից կարեւոր է ստեղծել համապատասխան մթնոլորտ հասարակությունում, ինչպես նաեւ փոխել կրթության համակարգը։
«Վախեցնում է, որ մեր հասարակությունում շատերն անտեսում են ընտանեկան բռնության խնդիրը։ Երեք տարի առաջ հարցում անցկացվեց ուսուցիչների շրջանում։ Պարզվեց, որ նրանք տղամարդու մեջ գնահատում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսին է համարձակությունը, իսկ կանանց մեջ՝ համեստությունը։ Այսինքն՝ մեր հասարակությունում մինչեւ հիմա պահպանվում է այն ընկալումը, որ կինը տառապում է, իսկ տղամարդը բավականություն ստանում, ինչն անընդունելի է»,- ավելացրել է նա։
Անապիոսյանն ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրի իրագործումը սեռերի հավասարության հարցում ուղեկցվում է բնակչության լայն շերտերի ներգրավմամբ։
«Հասարակության տարբեր շերտեր սկսել են ավելի համարձակ բարձրացնել խնդիրներն այս ոլորտում՝ դիսկուրս ստեղծելով, առանց որի անհնար է առաջ ընթանալ»,- ամփոփել է նա։
Նշենք, որ Երեւանում հուլիսի 3-ին Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանեկան բռնության կանխման եւ պատժման մասին. Ստամբուլի կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակությունը» համատեղ ծրագրի մեկնարկը։





























