Կուրսկի մարզում պացիենտը դիահերձարանում անսպասելիորեն «վերակենդանացել» է , հայտնում է «Կուսկիյե իզվեստիան»։
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ տեղի ունեցածից հետո կնոջը տեղափոխել են Կուրսկ, որտեղ նա հայտնվել է կոմայի մեջ։
Արտառոց իրադարձությունը տեղի է ունեցել անցած շաբաթ։ Կնոջը փորի ցավերով տեղափոխել են շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Չներակայանալու պայմանով աշխատակիցները հայտնել են, որ նրա մոտ կասկածել են աղիների անանցանելիություն։
«Որոշվել է վիրահատություն կատարել։ Երբ կտրվածքը կատարել են, հայտնաբերել են չարորակ ուռուցք եւ ամբողջ աղիներով մետաստազներ։ Նրա աղիների անցանելիությունը վերականգնել են, բայց վիրահատությունից հետո նրա մոտ կլինիկական մահ է գրանցվել։ Նրան 30-40 րոպե վերակենդանացրել են։ Այդ գործողություններն ապարդյուն են համարել։ Նա չէր շնչում, զարկերակը չէր շոշափվում, եւ կյանքի նշաններ չկային։ Մահ է արձանագրվել։ Այս ամենը տեղի է ունեցել օգոստոսի 14-ի գիշերը։ Հետո նրան ուղարկել են դիահերձարան»,- պարբերականին պատմել է հիվանդանոցի անանուն աղբյուրը։
Առավոտյան դիահերձարան է եկել բժիշկը եւ տեսել, որ պացիենտը ողջ է։ Նույն օրը նրան Կուրսկ են տարել։ Սակայն մինչեւ հեռանալը կնոջ հետեւից էր եկել նրա զարմուհին։ Ազգականները ցանկանում էին նրան տանել հուղարկավորելու։
Բժիշկները պարզաբանում են, որ շրջանային հիվանդանոցներում հաճախ չկան թանկարժեք սարքեր, որոնք կարող են գրանցել ուղեղի ակտիվությունը։ Հենց այսպիսի տեխնոլոգիաներն են որոշում՝ ողջ է մարդը, թե մահացած։ Շրջաններում մահը որոշում են ըստ արտաքին նշանների։ Եթե սիրտը բաբախում է րոպեում մեկ անգամ, ապա բժիշկը կարող է եւ դա չլսել։





























