ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենն ամերիկացիներին կոչ է արել դիմակ կրել, որպեսզի օգնեն երկրին հսկողության տակ առնել կորոնավիրուսի պանդեմիան, փրկեն կյանքեր եւ հնարավորություն տան համայնքներին բացել դպրոցներն ու ձեռնարկությունները:
«Կարեւոր չէ՝ ում օգտին եք քվեարկել: Նշանակություն չունի ձեր կուսակցությունը կամ ձեր տեսակետը: Մենք կարող ենք փրկել տասնյակ հազարավոր կյանքեր, եթե բոլորը դիմակ կրեն»,-ասել է Բայդենը:
Համաճարակաբաններն ու բժշկական փորձագետները զգուշացնում են, որ պանդեմիայի վատագույն օրերը դեռ առջեւում են: ԱՄՆ-ն կիրակի հայտնել է վարակումների ավելի քան 105 900 նոր դեպքերի մասին:
«Խնդրում եմ ձեզ, դիմակ կրեք: Դա արեք ձեզ համար: Դա արեք ձեր հարեւանի համար: Դիմակը քաղաքական հայտարարություն չէ, այլ լավ միջոց՝ միավորելու երկիրը»,-ասել է Բայդենը:
Նա նաեւ հայտնել է, որ կընդլայնի երկրի ողջ տարածքում էքսպրես-ախտորոշման հասանելիությունը:





























