Բոլոր փախստականները, տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ, վերականգնել իրենց մշակութային, քաղաքակրթական կրոնական արմատները: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս խաղաղապահներն անվտանգության ժամանակավոր կամ անժամկետ երաշխիք են, նախարարը մեջբերել է հայտարարության կետը, որի համաձայն՝ խաղաղապահներ են տեղակայվում 5 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել եւս 5 տարով, եթե կողմերից որեւէ  մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

«Այդպես է գրված: Կարծում եմ, որ դա բավական խելամիտ ձեւակերպում է, որը հորիզոն է ստեղծում իրավիճակի հանդարտեցման համար: Նշեմ միայն կարգավիճակային բոլոր հարցերի դիտարկման անհրաժեշտությունը, ամենից առաջ՝ այնտեղ ապրող էթնոկոնֆեսիոնալ խմբերի իրավունքի ապահովման տեսանկյունից: Բոլոր փախստականները, տեղահանված անձինք իրավունք ունեն վերադառնալ Ղարաբաղ, վերականգնել իրենց մշակութային, քաղաքակրթական կրոնական արմատները: Պետք է քննարկել բազմաթիվ վանքերի, մզկիթների հետ կապված վիճակը, որոնցից շատերն այսօր ցավալի վիճակում են: Դա, ի դեպ, վերաբերվում է տարածաշրջանի այլ հատվածներում կրոնական օբյեկտներին: Հայկական կողմը բազմիցս բարձրացրել է Նախիջեւանում քրիստոնեական եկեղեցիների ճակատագրի մասին հարցը: Վստահ եմ,որ այժմ, երբ մենք ռազմական գործողությունների դադարեցումից հետո խաղաղ կարգավորման ենք հասել, հայերի, ադրբեջանցիների, այլ խմբերի մշակութային ժառանգության հարցերին պետք է հատուկ ուշադրություն հատկացնել: Դա կլինի կարեւորագույն քայլերից մեկը, որը թույլ կտա վերականգնել ազգամիջյան խաղաղությունն ու ներդաշնակությունը: Շատ հարցեր պետք է լուծել, որպեսզի հայերի եւ ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը միավորող պահ դառնա: Հուսով եմ՝ 5-ամյա շրջանը, որից մենք սկսել ենք, թույլ կտա ամուր հիմքեր դնել այդ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Ինչ կլինի 5 տարուց, չէի ցանկանա առաջ ընկնել: Համոզված ենք՝ բոլոր կողմերը շահագրգռված են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ: Եկեք կանխատեսումներ չանենք: Եկեք աջակցենք ռուս խաղաղապահներին իրենց մանդատի կատարման գործում, որպեսզի Ղարաբաղում խաղաղություն տիրի»,-հայտարարել է Լավրովը: