Հունաստանը 2021 թվականից 18-24 քիչ նկատելի բազմաֆունկցիոնալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչներ ձեռք բերելու պաշտոնական հայտ է ուղարկել ԱՄՆ-ին։ Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է հունական Proto Thema թերթը՝ հղում անելով Հունաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ 18 (6 նոր եւ 12 օգտագործված) ֆրանսիական Rafale կործանիչներ ձեռք բերելու որոշումից հետո Հունաստանի կառավարությունը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին` ամերիկյան F-35 կործանիչներ անհապաղ գնելու խնդրանքով: Ինչպես հայտնի է դարձել, Հունաստանի հետաքրքրքության մասին ազգային պաշտպանության նախարարության պատրաստած պաշտոնական նամակը ԱՄՆ վարչակազմ ուղարկվել է նոյեմբերի 6-ին:
«(Հունաստանը) F-35 Joint Strike Fighter ծրագրում ընդգրկելու որոշումը հիմնված կլինի մի շարք գործոնների վրա, ինչպիսիք են կործանիչների մատակարարման ծրագիրը, վճարման ծրագիրը, օդանավի կազմաձեւը՝ ընդհանուր 18-24 ինքնաթիռներ ստանալու համար (նոր կամ ԱՄՆ ռազմաօդային ուժերում օգտագործված, եթե այդպիսիք կան)»,- ասվում է ՊՆ նամակում:
«Մենք շնորհակալ կլինենք ձեր անհապաղ արձագանքման համար»,- ասվում է այս ուղերձում, որը ստորագրել է զենքի եւ ներդրումների գծով գլխավոր տնօրեն Թեոդորոս Լագիոսը: «Բյուջեի ներքին ֆինանսական պայմանավորվածությունների եւ այլ կիրառելի կանոնների եւ ԵՄ դեֆիցիտի պահանջների պատճառով շատ կարեւոր է, որ առաջին F-35-ները մատակարարվեն 2021 թվականին: Մեր կողմից մենք կանենք հնարավորը այս հավակնոտ ծրագիրը կյանքի կոչելու համար»,- այս նամակը մեջբերում է հրատարակությունը:
Սպառազինությունների եւ ներդրումների հարցերով գլխավոր տնօրենը, որպես տեխնոլոգիայի եւ զենքի հետ կապված խնդիրների առաջխաղացման համար ազգային պաշտպանության նախարարության պատասխանատու, ամերիկացի իրավասու պաշտոնյաներին հրավիրել է հնարավորինս շուտ այցելել Հունաստան՝ մինչեւ 18-24 F-35 կործանիչների էսկադրիլիա ձեռք բերելու վերաբերյալ քննարկումները առաջ տանելու համար: «Մենք կցանկանայինք, որ հնարավորինս շտապ պատասխանեիք այս խնդրանքին, քանի որ մենք ունենք պատուհան՝ մոտ ապագայում F-35-եր ձեռք բերելու հնարավորության համար»,- ընդգծել է Հունաստանի պաշտպանության նախարարությունը:





























