Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը հոսպիտալացվել է նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Տուր քաղաքում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով La Nouvelle Republique-ին:

Քաղաքական գործիչը հիվանդանոց է տեղափոխվել Օտոն քաղաքի իր առանձնատնից (Լուար եւ Շեր դեպարտամենտ): 94-ամյա Ժիսկար դ'Էստենին «Տրուսո» հիվանդանոց տեղափոխելու պատճառները ներկայումս չեն նշվում:

Ժիսկար դ'Էստենը թոքերի ինֆեկցիայի պատճառով արդեն հոսպիտալացվել էր Փարիզում այս տարվա սեպտեմբերի 14-ին: Բուժում անցնելուց հետո նա սեպտեմբերի 17-ին լքել էր Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոցը:

1974-1981 թվականներին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ժիսկար դ'Էստենը ֆրանսիացի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Փարիզի ազատագրման մասնակիցը, գեներալ Շառլ դը Գոլի կառավարության նախարարը, Ֆրանսիայի նախկին ղեկավարը այժմ Ֆրանսիական ակադեմիայի կազմում է: