17 քաղաքական ուժերը դեռ որոշում չեն կայացրել, թե ով է լինելու այն անձը, որը բանակցություններ կվարի Ղարաբաղի վերաբերյալ արդեն ստորագրված եռակողմ հայտարարության փոփոխությունների շուրջ: Այս մասին Երեւանի Ազատության հրապարակում Հայաստանի «5-րդ ալիք»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, հայտնում է Yerevan today-ը:

Նա նշեց, որ այս պահին գլխավորը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

«Այս փուլում մեզ համար գլխավորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ուստի կուսակցությունների ներսում նոր բանակցողի կոնկրետ անունը դեռ չի քննարկվել:

Իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է որոշել այն չափանիշները, որոնց այդ անձը պետք է համապատասխանի, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս նպաստել ազգային շահերին բանակցային գործընթացում՝ հաշվի առնելով ամենադժվար իրավիճակը, որում այժմ հայտնվել ենք»,- ասաց Արթուր Ղազինյանը:

Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը եւ դրանում հնարավոր փոփոխություններին, Ղազինյանը նշեց, որ հայկական կողմը մանեւրելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ գործ ունենք արդեն ստորագրված փաստաթղթի հետ:

«Պետք է հիշել նաեւ, որ բացի Նիկոլ Փաշինյանի ստորագրությունից, կա նաեւ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությունը, հետեւաբար չհարգել այդ փաստը մենք չենք կարող:

Կարելի էաշխատանք տանել Շուշիից, Հադրութից ադրբեջանական զորքերը դուրս բերելու, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) տարածքները ազատագրելու, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը օրակարգում ներառելու ուղղությամբ:

Կարծում եմ, որ դրանք հարցեր են, որոնք հնարավոր է լուծել գրագետ դիվանագիտական աշխատանքի միջոցով»,- ասաց քաղաքական գործիչը:

Ղազինյանի խոսքով, սակայն, դրա համար նախ անհրաժեշտ է վերականգնել փոխադարձ հարգանքի վրա հիմնված մեր բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի հետ: