ԱՄՆ Կոնգրեսի հայամետ անդամներ Ֆրենկ Փալոնը եւ Մարկ Սթիվենը նամակ են հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին եւ շնորհավորել նրան ու ԼՂ ժողովրդին մայիսի 23-ին տեղի ունեցած խորհրդարանի ընտրության կապակցությամբ:

Նրանք իրենց նամակում նշում են, որ միջազգային դիտորդների զեկույցի համաձայն, այդ թվում ամերիկա-գերմանական մոնիտորինգի պատվիրակության, որն ուղարկվել էր Միջազգային հասարակական իրավունքի եւ քաղաքականության խմբի կողմից, ընտրությունները որակվել են որպես ազատ, արդար եւ թափանցիկ:

«Այս ընտրությունները ցույց տվեցին Ձեր հանրապետությունում ժողովրդավարական գործընթացների ուժեղությունը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշումը: Մենք շարունակելու ենք աջակցել ձեր ջանքերին` ժողովրդավարության ամրապնդման գործում, տարածաշրջանային զարգացման շարունակականությունն ապահովելու եւ Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու համար:

Մենք մաղթում ենք Արցախի Ազգային ժողովի ժողովրդավարորեն ընտրված մեր գործընկերներին բեղմնավոր աշխատանք ԼՂՀ ժողովրդի համար»,- ասված է կոնգրեսականների նամակում: