Թուրքիայում ձերբակալել են միլիոնատեր բլոգեր Միկա Ջան Ռաունին այն բանի համար, որ նա 100 լիրա արժողությամբ թղթադրամը գցել է զուգարանակոնքի մեջ։ Դատախազությունը աղջկա համար յոթ տարվա ազատազրկում է պահանջել՝ պետական ինքնիշխանության խորհրդանիշները նվաստացնելու եւ երկրի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը վիրավորելու համար․ նրա դիմանկարը պատկերված է թղթադրամի վրա։

«Եվրոպայում մարդիկ փող են գցում առուների ու շատրվանների մեջ, ու ոչինչ չի լինում։ Հանցագործությո՞ւն է արդյոք, որ ես 100 լիրա եմ գցել իմ գեղեցիկ երկրի կոյուղաջրերը»,- մեղադրանքին արձագանքել է Միկա Ջան Ռաունը։

Նա իր սկանդալային տեսանյութը հրապարակել է ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման ֆոնին, գրում է MK Turkey-ն։

Թուրքիայի քրեական օրենսգիրքում կա հատուկ «Օրենք Աթաթուրքի հիշատակի դեմ կատարված հանցագործությունների մասին»։ Պատիժը մինչեւ երեք տարվա ազատազրկումն է։ Հավանաբար դատախազությունը հոդվածների համադրությամբ պատիժ է պահանջում մեղադրյալի համար։