«Թալիբան»-ի կողմից կառավարվող Աֆղանստանում 20 մարդ հրապարակային մտրակման է ենթարկվել՝ որպես պատիժ ամուսնական ենթադրյալ դավաճանության, գողության եւ այլ հանցագործությունների համար, ասել է նահանգային պաշտոնյան, հաղորդում է AP-ն:

Աֆղանստանի նոր իշխանությունները կոշտ քաղաքականություն են հաստատել 2021 թվականի օգոստոսին երկիրը գրավելուց հետո, որն արտացոլում է իսլամական օրենքի կամ շարիաթի նրանց մեկնաբանությունը:

Մարմնական վերջին պատիժը տեղի է ունեցել Հիլմենդ նահանգի մայրաքաղաք Լաշքարգահի մարզադաշտում։

Յուրաքանչյուր տղամարդու մտրակով 35-39 անգամ հարվածել են, եւ պատիժները իրականացվել են թալիբների նահանգային պաշտոնյաների, կրոնական գործիչների, երեցների եւ տեղի բնակիչների առջեւ։

Մեկ շաբաթ առաջ «Թալիբան»-ի իշխանությունները մահապատժի են ենթարկել սպանության համար դատապարտված աֆղանցուն, որն առաջին հրապարակային մահապատիժն է եղել անցյալ տարի իշխանության նախկին գրոհայինների վերադարձից հետո: