Չանի հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները պարզել են, որ փոշոտող միջատների կորուստը հանգեցրել է մրգերի, բանջարեղենների եւ ընկույզների բերքի 3-5 տոկոս կրճատման եւ, ըստ գնահատականների, 427 հազար մահերի՝ ուղեկցող հիվանդությունների պատճառով, ներառյալ սրտի հիվանդությունները, ինսուլտը, դիաբետը եւ քաղցկեղի որոշ տեսակներ։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Health Perspectives ամսագրում։

Բնական համակարգերի վրա մարդածին ազդեցությունը, որը շարունակում է մեծանալ, հանգեցնում է միջատների թվաքանակի 1-2 տոկոս ամենամյա կրճատման, ինչը սպառնալիքի առջեւ է կանգնեցնում մարդկանց առողջ սննդով ապահովելու գործը։

Հետազոտողները մոդելավորել են փոշոտողների կորստի հետեւանքները՝ օգտագործելով Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի եւ Լատինական Ամերիկայի հարյուրավոր փորձարարական ֆերմաների տվյալները։

Արդյունքները ցույց են տվել, որ մրգերի, բանջարեղենների եւ ընկույզների արտադրության կորուստներն ավելի ուժեղ են եղել եկամուտի միջին եւ բարձր մակարդակ ունեցող երկրներում, որտեղ ոչ վարակիչ հիվանդությունների մակարդակն ավելի բարձր է։ Ամենից շատ տուժել է այն մարդկանց առողջությունը, որոնք ապրում են եկամուտի միջին մակարդակ եւ ավելի մեծ թվով բնակչություն ունեցող երկրներում՝ Չինաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա եւ Ռուսաստան։

Տնտեսական վնասն ավելի մեծ է եղել եկամուտի ցածր մակարդակ ունեցող երկրներում։ Այստեղ գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արժեքի կորուստները կարող են կազմել 10-30 տոկոս։