Մեքսիկայում Էլ Պալոմո (Աղավնի) անունով շունը գտել է կորած տիրոջը՝ նրա անհետանալուց մեկ շաբաթ հետո, եւ փրկել նրան մահից, տեղեկացրել է The New York Post-ը։

84-ամյա Գրեգորիո Ռոմերոն կորել էր նոյեմբերի 27-ին։ Նա դուրս էր եկել զբոսնելու, բայց տուն չէր վերադարձել։ Տարեց տղամարդու ընտանիքը մի քանի օր չէր զբաղվել նրան փնտրելով՝ հավաստիացնելով, որ նա հաճախ էր գնում գյուղից եւ օրերով չէր վերադառնում։ Սակայն որոշ ժամանակ անց Ռոմերոյի զարմուհին անհանգստացել է եւ դիմել ոստիկանություն։ Նա պատմել է, որ մարդը կարող էր եւ չվերադառնալ, քանի որ հիշողության կորուստ ուներ։

Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Ռոմերոյին փնտրում էին ոստիկանությունը, փրկարար ծառայությունները եւ անգամ խուզարկու շները, բայց ապարդյուն։ Այդ ժամանակ ծառայությունները որոնումներին ընդգրկել են Գրեգորիոյի հավատարիմ շանը՝ Էլ Պալոմոյին։ Շունն արագ գտել է կորած տիրոջը եւ նրա մոտ տարել ոստիկաններին։ Տուժածը տնից հեռու էր երեք կիլոմետր։

Հյուծված Ռոմերոյին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է երկու օր եւ վերականգնվել։ Այդ ամբողջ ընթացքում հավատարիմ շունն սպասում էր տիրոջը հիվանդանոցի դռների մոտ։ «Ռոմերոյի շան անվերապահ սիրո շնորհիվ նա կարողացավ միանալ իր ընտանիքին, չէ՞ որ հենց Էլ Պալոմոն է մեզ ցույց տվել նրա տեղը»,- նշել են ոստիկանությունում։