Կիրակի օրը հրապարակված նոր հարցազրույցում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը հայտնել է, որ 2013 թվականին ընտրվելուց հետո ստորագրել է հրաժարականի դիմում, որը պետք է օգտագործվի այն դեպքում, երբ առողջական լուրջ եւ մշտական խնդիրներն անհնարին կդարձնեն իր պարտականությունների կատարումը։
Պապը, ով շաբաթ օրը դարձել է 86 տարեկան եւ, բացառությամբ ծնկի հետ կապված խնդիրների, լավ առողջական վիճակում է, այս մասին խոստովանել է իսպանական ABC թերթին տված հարցազրույցում։
Պոնտիֆիկոսն ասել է, որ նամակը տվել է Վատիկանի այն ժամանակվա պետական քարտուղար կարդինալ Տարչիզիո Բերտոնեին, ով պաշտոնավարել է 2013 թվականի մարտի 13-ին Պապի ընտրվելուց հետո մոտ վեց ամիս։
Ֆրանցիսկոսը հաճախ է ասում, որ հրաժարական կտա, եթե առողջությունը խանգարի իրեն կառավարել Հռոմի կաթոլիկ եկեղեցին։
Ի պատասխան հարցին, արդյո՞ք պետք է պաշտոնական քվոտա լինի այն դեպքերի համար, երբ առողջական խնդիրները կամ դժբախտ պատահարը խանգարում է Հռոմի պապին, Ֆրանցիսկոսն ասել է․ «Ես արդեն ստորագրել եմ իմ հրաժարականի դիմումը։ Այն ժամանակ քարտուղարը Տարչիզիո Բերտոնեն էր։ Ես ստորագրեցի այն եւ ասացի նրան. «Առողջական խնդիրների կամ այլ պատճառների խոչընդոտ հանդիսանալու դեպքում սա իմ հրաժարականն է»։
Ավելի վաղ Reuters-ին տված հարցազրույցում Ֆրանցիսկոսը հերքել էր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը եւ կրկնել իր հաճախ հնչեցրած դիրքորոշումն այն մասին, որ ինքը կարող է մի օր թոշակի անցնել, եթե առողջական վատ վիճակն անհնարին դարձնի Եկեղեցին կառավարելը, ինչը գրեթե անհնար էր պատկերացնել մինչեւ Բենեդիկտոս XVI-ի հրաժարականը, ով այժմ 95 տարեկան է եւ թոշակի է անցել 2013թվականին։ Դա առաջին պապական հրաժարականն էր վեց դարերի ընթացքում։



























