«Թալիբան» արմատական իսլամիստական շարժման ներկայացուցիչները որպես կատարված հանցագործության պատիժ հրապարակայնորեն ճիպոտահարել են 30 մարդու, այդ թվում՝ կանանց։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով տեղի իշխանությունների հայտարարություններին։
Ջաուզջան նահանգի գլխավոր դատավոր Աբդուլ Վահաբ Զահիդը հայտարարել է, որ 22 մարդ, այդ թվում երեք կին, ստացել է 25-39 ճիպոտի հարված. նրանք մեղադրվել են գողության, ամուսնական դավաճանության եւ թմրանյութերի վաճառքի մեջ։ Պատիժների իրականացման վկաներ են դարձել տեղի պաշտոնյաները, աստվածաբանները եւ ցեղային առաջնորդները։
Երկրորդ նման հաշվեհարդարը տեղի է ունեցել Կապիսա նահանգում. ճիպոտահարվել են յոթ տղամարդ եւ մեկ կին։
Իսլամական իրավունքի (շարիաթ) համաձայն՝ հադդ կարգի հանցագործությունների (ամուսնական անհավատարմություն, գողություն, սպիրտային խմիչքների օգտագործում) համար չարագործներին կարող են սպառնալ հետեւյալ պատիժները՝ վերջույթների անդամահատում, հրապարակային ճիպոտահարում եւ քարկոծում։



























