Հնէաբանները գտել են Baurubatrachus santosdoroi նախապատմական գորտերի նոր տեսակի ներկայացուցչի մնացորդներ։ Այդ գորտերն ապրել են դեռեւս դինոզավրերի ժամանակ։ Արգենտինայի գիտատեխնիկական հետազոտությունների Ազգային խորհրդի գիտնականների հայտնագործության մասին հրապարակվել է Ameghiniana ամսագրում։
«Այսօրվա դրությամբ Baurubatrachus ցեղատեսակը ներկայացված է միայն Baurubatrachus pricei տեսակով, որը հայտնաբերվել է բրազիլական Մինաս Ժերայս նահանգում։ Բայց վերջերս մենք նոր տեսակ ենք հայտնաբերել՝ Baurubatrachus santosdoroi, որն ապրել է մի քանի միլիոն տարի ավելի առաջ, քան Baurubatrachus pricei-ը»,- ասել են գիտնականները։
Երկու առանձնյակի քարացած մնացորդները գտնվել են բրազիլական Սան Պաուլու նահանգում։ Այդ նմուշների անատոմիայի մանրամասն ուսումնասիրությունը ցեղատեսակի նոր առանձնահատկություններ բացահայտեց, օրինակ՝ ենթաթմբկաթաղանթի ճեղքը (գտնվում է գլխի կողամասում)։
«Գորտերի այս տեսակի հայտնաբերումը թույլ է տալիս մեզ լրացնել կավճի դարաշրջանում այս տարածքի կենսաբազմազանության մասին գիտելիքների բացը։ Մենք հետագայում կուսումնասիրենք դրանք, որպեսզի ավելի լավ հասկանանք գորտերի էվոլյուցիան»,- ասել են գիտնականները։




























