Հռոմի պատվավոր պապ Բենեդիկտոս XVI-ի առողջական վիճակը վերջին ժամերին վատացել է։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։
«Ինչ վերաբերում է պատվավոր պապի առողջությանը, որի համար Ֆրանցիսկոս Պապը խնդրել է աղոթել, կարող եմ հաստատել, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում նրա առողջական վիճակը ավելի է վատացել ծեր տարիքի պատճառով։ Իրավիճակն այս պահին վերահսկողության տակ է, բժիշկները մշտապես հսկում են նրան»,- նրա խոսքերն է մեջբերում Վատիկանի մամուլի ծառայությունը։
Գերմանացի կարդինալ, ականավոր աստվածաբան Յոզեֆ Ռատցինգերը պապական գահ է բարձրացել 2005 թվականին՝ իր նախորդ Հովհաննես Պողոս II-ի մահից հետո՝ ընդունելով Բենեդիկտոս XVI անունը։ 2013 թվականին նա դարձել է վերջին 600 տարվա ընթացքում առաջին պոնտիֆիկոսը, որը հրաժարվել է պապական աթոռից։ Բենեդիկտոսը, որն այդ ժամանակ 85 տարեկան էր, իր որոշումը բացատրել է Հռոմի կաթոլիկ եկեղեցին ղեկավարելու համար ուժերի անբավարարությամբ։ Բենեդիկտոս XVI-ն ապրում է Վատիկանի տարածքում։



























