Մեքսիկայի նախագահը քաղաքացիներին կոչ է արել տոնական ողորմություններ եւ նվերներ չընդունել թմրավաճառների կողմից այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են վառ գույներով պիկապ մեքենաներից բազմաթիվ նվերներ բաժանելու մասին տեսանյութեր, իսկ անցորդները վարորդներին նկարագրել են որպես «Հալիսկո» թմրակարտելի անդամներ, հաղորդում է AP-ն:
Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հաստատել է, որ թմրավաճառների որոշ խմբավորումներ փորձել են վերսկսել այնպիսի բաշխումները, ինչպիսին տեղի են ունեցել շատ տարիներ առաջ, որպեսզի ստանան տեղական բնակչության աջակցությունը:
Նրա խոսքով՝ որոշ համայնքներում տեղացիները փորձել են պաշտպանել թմրավաճառներին, դադարեցնել թմրանյութերի առգրավումը կամ դեմ լինել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար Ազգային գվարդիայի բազաների ստեղծմանը:
Բեռնատարների շարասյունը, որը տեղափոխել է Ձմեռ պապի փչովի զարդեր եւ Սուրբծննդյան լույսեր, շրջել է թաղամասով՝ վանկարկելով «narco corrido» երգեր, որոնք գովաբանում են «Հալիսկո» կարտելը եւ տեղական ավազակախմբի պարագլխին, որը հայտնի է RR մականունով:
Տեսանյութերից մեկում լսվում է, թե ինչպես է անցորդը ասում՝ «Բոլոր մարդիկ RR են։ Ո՞վ ասաց, որ նրանք ոչինչ չեն տալիս։ Ինչո՞ւ կառավարությունը նույնը չի անում»։
Արձագանքելով տեսանյութին՝ Լոպես Օբրադորը խոստովանել է, որ պրակտիկան վերածնվում է։ 2010-ականներին նման կարտելային նվերները սովորական երեւույթ են եղել հյուսիսային սահմանամերձ Թամաուլիպաս նահանգում: Լոպես Օբրադորն ասել է, որ դա ավազակախմբի ռազմավարության մի մասն է` հանրության աջակցությունը շահելու համար:
«Վերջերս որոշ խմբեր փորձում են վերակենդանացնել [նվերներ տալու] այս մեթոդը՝ ստիպելով մարդկանց աջակցել իրենց,- ասել է Լոպես Օբրադորը,- Երբ կոկաինի առգրավում է լինում, համայնքները պաշտպանում են թմրավաճառներին»։



























