Ի՞նչ տեսք է ունեցել Ջեք Պատռողը․ ոստիկանության արխիվներում կարեւոր հուշում է հայտնաբերվել։
Սքոթլենդ Յարդի հետախույզ Ֆրեդերիկ Էբբերլայնի փայտե ձեռնափայտին փորագրված կնգուղով կերպարը կարող է լինել Լոնդոնի ամենահայտնի սերիական մարդասպանի միակ իրական նմանակը: Էբբերլայնը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ չի կարողացել բռնել մարդասպանին, որն ահաբեկում էր Ուայթչեպելի մութ փողոցները 1888 թվականի աշնանը, պատմում է Evening Standard-ը:
Մերի Էն «Պոլլի» Նիկոլսի, Էննի Չեփմենի, Էլիզաբեթ Սթրայդի, Քեթրին Էդդոուսի եւ Մերի Ջեյն Քելլիի կոկորդն այնպես են կտրել եւ նրանց այնպես են այլանդակել, որ ոստիկանությունը կարծել է, թե նրանց սպանողը գիտի մարդու անատոմիան:
Գործով կլանված՝ դետեկտիվ Էբբերլայնը իր ձեռնափայտի վրա փորագրել էր Ջեք Պատռողի դեմքի միակ հայտնի կոմպոզիցիան։
Երկար տարիներ ձեռնափայտը պահվել է Հեմփշիր նահանգի Բրամշիլ քաղաքի ոստիկանական քոլեջում, եւ մտավախություն կար, որ այն կկորչի, երբ հաստատությունը փակվեց 2015 թվականին:
Քոլեջի բովանդակության ստեղծող Էնթոնի Քեշն ասել է, որ «այդ ձեռնափայտը գտնելը մեզ համար հետաքրքիր պահ էր»:
«Այս ձեռնափայտը հետաքրքրաշարժ արտեֆակտ է, որը ներկայացնում է ոստիկանության պատմական նշանակալի ժամանակաշրջանը:
Ջեք Պատռողի պատմությունը դարձել է պատմության առեղծվածներից մեկը: Տասնամյակների ընթացքում նրա դաժան եւ առանց պատճառի սպանությունները ոստիկանության ուշադրությանն են արժանացրել ավելի քան 200 անուն, այդ թվում՝ կասկածյալ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Լյուիս Քերոլը, արքայազն Ալբերտ Վիկտորը եւ սըր Ջոն Ուիլյամսը, թագավորական ընտանիքի մանկաբարձը:
Բայց չնայած զանգվածային հետաքննությանը, Պատռողը, որին անվանում են առաջին ժամանակակից սերիական մարդասպան, այդպես էլ չի բռնվել:



























