Amazon-ի հիմնադիր միլիարդատեր Ջեֆ Բեզոսը քննադատել է աշխատանք-կյանքի հավասարակշռության կարեւորության մասին արտահայտությունը՝ այն անվանելով կեղծ։ Ինչպես գրում է Business Insider-ը, գործարարը վստահ է, որ իրականում առաջնայինը երջանիկ տնային կյանքն է:
«Ինձ անընդհատ հարցնում են աշխատանք-կյանքի հավասարակշռության մասին: Եվ ես կարծում եմ, որ սա կեղծ արտահայտություն է, քանի որ ենթադրում է խիստ փոխզիջում»,- ասել է ձեռնարկատերը։
Amazon-ի հիմնադիրը բացատրել է, որ փորձում է աշխատակիցներին սովորեցնել «ապրել աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ ներդաշնակությամբ», այլ ոչ թե փորձել հավասարակշռություն գտնել դրանց միջեւ:
«Եթե ես երջանիկ եմ տանը, ապա ես մեծ դրական էներգիա եմ ունենում, երբ գնում եմ գրասենյակ: Իսկ եթե աշխատանքում գոհ եմ, ուրեմն նույն եռանդով տուն եմ վերադառնում։ Դա իրականում շրջան է, ո՛չ թե հավասարակշռություն»,- ասել է Բեզոսը:
Միլիարդատերը Amazon-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողել է 2021 թվականի հուլիսին՝ ներկայումս կենտրոնանալով տիեզերքի հետախուզման եւ բարեգործության վրա:



























