ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրել է Իսրայելի նոր արտգործնախարար էլի Քոենին ուղերձներ փոխանցել Ռուսաստանին երկուշաբթի կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Այս մասին The Times of Israel թերթին պատմել է բարձրաստիճան դիվանագիտական պաշտոնյան:

Երեքշաբթի կեսօրին Քոենը զրուցել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ եւ ուղերձներ փոխանցել նրան, նշում է իսրայելական թերթը:

Միեւնույն ժամանակ, լրատվամիջոցների աղբյուրը չի բացահայտել, թե դրանք ինչ ուղերձներ են։

Ո՛չ իսրայելական, ո՛չ ամերիկյան հաղորդագրություններում չեն հիշատակվել Ուկրաինայում պատերազմի մասին խոսակցությունները։ Պետդեպարտամենտը նույնպես չի պատասխանել հաստատման խնդրանքին:

Իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Բլինքենը տեղյակ է եղել Լավրովի հետ նախատեսված զրույցի մասին։

Երկուշաբթի օրը ելույթ ունենալով իսրայելցի դիվանագետների առջեւ՝ Իսրայելի արտգործնախարարը հայտնել է, որ հաջորդ օրը նա կխոսի Լավրովի հետ: Նա չի հայտնել իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ նախատեսված զրույցի մասին։ Երեքշաբթի կեսօրին Իսրայելը հեռախոսազրույց է խնդրել Կուլեբայի հետ։

Ուկրաինայի բարձրաստիճան աղբյուրը հայտարարել է, որ Կիեւը ակնկալում է, որ Քոենը կհետաձգի կամ կչեղարկի իր զրույցը Լավրովի հետ եւ նախ կխոսի Կուլեբայի հետ, ինչը տեղի չի ունեցել: Աղբյուրը նշել է, որ «եթե Քոենը նախ խոսի Լավրովի հետ, Կուլեբան մոտ ապագայում կարող է հրաժարվել Քոենի հետ ցանկացած խոսակցությունից»։

Միեւնույն ժամանակ, իսրայելական դիվանագիտական աղբյուրը կտրականապես հերքել է այն ենթադրությունը, որ Իսրայելը փոխում է իր քաղաքականությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի վերաբերյալ՝ այն անվանելով «խառնաշփոթ»։

Ուկրաինայի հակամարտության սկզբում Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Նաֆթալի Բենեթը մի քանի բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ փորձելով օգտագործել Իսրայելի աշխատանքային կապերը երկու երկրների հետ՝ հակամարտությունը դադարեցնելու նպատակով։ Այնուամենայնիվ, նա չի կարողացել առաջ շարժվել եւ, ի վերջո, հետաձգել է այդ ջանքերը՝ կենտրոնանալու իր երկրում քաղաքական իրարանցման վրա:

Իսրայելական աղբյուրները The Times of Israel-ին հայտնել են, որ ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուն պատրաստ կլինի հանդես գալ որպես միջնորդ, եթե կողմերից մեկը խնդրի նրան այդ մասին: