«Իսլամական պետությունը» ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի ռազմական օդանավակայանի անցակետի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, ինչի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են մի քանի մարդիկ, տեղեկացրել է АР-ն։
«ԻՊ»-ն երեքշաբի երեկոյան տարածած իր հայտարարությունում տեղեկացրել է, որ կիրակի Քաբուլի անցակետի դեմ հարձակումը կատարել է խմբավորման նույն անդամը, որը մասնակցել է դեկտեմբերի կեսին մայրաքաղաքի հյուրանոցի դեմ հարձակմանը։
«Իսլամական պետություն» խմբավորման տարածաշրջանային մասնաճյուղը, որը հայտնի է որպես «Իսլամական պետություն Խորասան նահանգում», ավելի հաճախ է սկսել հարձակումներ կատարել Աֆղանստանում՝ 2021թ. թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո։ Հարձակումների նպատակներն էին թալիբների պարեկակետերը եւ շիա փոքրամասնության ներկայացուցիչները։
«ԻՊ»-ն հրապարակել է հարձակվողի լուսանկարը՝ նրան անվանելով Աբդուլա Ջաբար, եւ տեղեկացրել է, որ նա բարեհաջող դադարեցրել է հյուրանոցի դեմ հարձակումն այն բանից հետո, երբ զինամթերքն ավարտվել է։ Նաեւ տեղեկացվել է, որ Ջաբարը գործողության մեջ է դրել իր պայթուցիկ բաճկոնը՝ թիրախավորելով անցակետում հավաքված զինվորներին։
Ռազմական օդանավակայանը գտնվում է քաղաքացիական օդանավակայանից 200 մետր հեռու եւ մոտ է ներքին գործերի նախարարությանը, որտեղ անցած տարվա հոկտեմբերին մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր կազմակերպել, որի հետեւանքով զոհվել էր չորս մարդ։
ՆԳՆ-ի ներկայացուցիչ Նաֆի Թակորն ահաբեկչությունից հետո հայտարարել է, որ պայթյունի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են մի քանի մարդիկ։ Նա ստույգ թվեր չի նշել՝ ասելով, որ հետաքննության մանրամասների մասին կտեղեկացվի ավելի ուշ։



























