Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը չորեքշաբթի հայտարարել է, որ կդիտարկի 2018թ. միջկորեական ռազմական պակտի գործունեությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե Հյուսիսը նորից խախտի իր օդային տարածքը, տեղեկացրել է Reuters-ը։
Նախագահ Կիմ Չեն Ընի մամուլի քարտուղարի խոսքով՝ Յունն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ նրան տեղեկացրել են հյուսիսկորեական անօդաչուներին, որոնք անցած շաբաթ ներխուժել էին Հարավային Կորեայի տարածք, դիմակայելու միջոցների մասին եւ կոչ է արել արձագանքման համար գերազանցող պոտենցիալ ստեղծել»։
«Հանդիպման ժամանակ նա հանձնարարել է դիտարկել ռազմական համաձայնագրի գործունեության դադարեցման հնարավորությունը, եթե Հյուսիսային Կորեան նորից սադրանք իրականացնի՝ իր տարածք ներխուժելով»,- ասել է Կիմը ճեպազրույցում։
2018թ. համաձայնագիրը՝ կնքված Կիմ Չեն Ընի եւ Հարավային Կորեայի այն ժամանակվա նախագահ Մուն Չժե Ինի կողմից, կոչ է անում դադարեցնել «բոլոր թշնամական գործողությունները», ստեղծել մաքուր երկնքի գոտի, հանել ականները եւ անցակետերը ապառազմականացված գոտում։ Կառավարությունը չի տեղեկացրել, թե քանի ական եւ անցակետ է հանվել՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։
Պակտից հրաժարվելը կարող է նշանակել վերադարձ անցակետերին, մարտական հրաձգությամբ զորավարժություններին եւ քարոզչական հեռարձակումներ սահմանից այն կողմ. այս ամենը զայրացնում էր Փհենյանին մինչեւ պակտի կնքումը։
Միջկորեական հարաբերությունները լարված են եղել տասնամյակներ, բայց էլ ավելի են լարվել այն բանից հետո, երբ Յունը ստանձնել է պաշտոնը մայիսին՝ խոստանալով ավելի կոշտ գիծ Փհենյանի հետ հարաբերություններում։
Անցած տարվա ընտրարշավի ժամանակ Յունը հայտարարել էր, որ Փհենյանը բազմիցս խախտել է համաձայնագիրը հրթիռներ արձակելով եւ նախազգուշացրել էր, որ կարող է խզել այն։
Յունը քննադատել է անօդաչուների ներխուժումը՝ մասամբ մեղադրելով նախորդ վարչակազմին այն բանում, որ այն հենվել է 2018թ. պակտի վրա։
Նա զինվորականներին կոչ է արել պատրաստ լինել պատասխան միջոցների, անգամ եթե դա նշանակում է «լարվածության վտանգ»։
Յունը պաշտպանության նախարարին հրամայել է սկսել անօդաչուների արտադրություն դիտարկման, հետախուզման եւ ռադիոէլեկտրոնային պայքարի համար, եւ ստեղծել ոչ մեծ անօդաչուների զանգվածային արտադրություն, որոնք դժվար կլինի հայտնաբերել, նշել է Կիմը։
«Նա նաեւ կոչ է արել արագացնել աննկատ անօդաչուների արտադրությունը»,- ասել է նա։
2018-ից Հարավային Կորեայի բանակում գործում է անօդաչուների երկու էսկադրիլիա, բայց դրանք ստեղծվել են հիմնականում ապագա ռազմական գործողություններին պատրաստվելու համար։
Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նախատեսում է եւս մեկ ստորաբաժանում ստեղծել դիտարկման եւ հետախուզման գործառույթներով։
«Ապագա ստորաբաժանումը կկատարի միանգամայն այլ խնդիրներ՝ տարբեր ոլորտների գործողություններ իրականացնելով»,- ասել է պաշտպանության նախարար Լի Չոն Սուպը խորհրդարանում։
Անօդաչուների դեմ պայքարի պոտենցիալն ուժեղացնելու համար նախարարությունն անցած շաբաթ հայտարարել է գալիք հինգ տարիներին 560 մլրդ վոն (440 մլն դոլար) ծախսելու պլանների մասին՝ այնպիսի տեխնոլոգիաների համար, ինչպիսին են օդային բազավորման լազերային զենքը եւ ազդանշանների խլացումը։



























