Մեծ Բրիտանիան, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է զորակազմ ուղարկել Ուկրաինա՝ խաղաղության համաձայնագրի կատարումն ապահովելու համար, հայտնել է վարչապետ Քիր Սթարմերը Telegraph թերթի հոդվածում։

Ինչպես նշել է պարբերականը, Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջին անգամ հայտնել է, որ դիտարկում է Ուկրաինայում բրիտանացի խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը։ Նրա հոդվածը հրապարակվել է երկուշաբթի Փարիզում եվրոպացի առաջնորդների հանդիպումից առաջ:

«Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների աշխատանքն արագացնելու գործում։ Սա ներառում է շարունակական աջակցություն Ուկրաինայի Զինված ուժերին, որոնց համար Մեծ Բրիտանիան արդեն տարեկան 3 մլրդ ֆունտ սթեռլինգ է հատկացրել առնվազն մինչեւ 2030թ., գրել է Սթարմերը։- Դա նաեւ նշանակում է պատրաստակամություն՝ նպաստելու Ուկրաինայի անվտանգության երաշխավորմանը` անհրաժեշտության դեպքում զորքեր ուղարկելով»:

Վարչապետի խոսքով՝ ինքը պատասխանատվություն է զգում՝ կապված բրիտանացի զինվորականներին վտանգի ենթարկելու ներուժի հետ, սակայն Ուկրաինային օգնությունը, ըստ նրա, կօգնի ամրապնդել հենց Բրիտանիայի եւ ողջ եվրոպական մայրցամաքի անվտանգությունը։

«Այս պատերազմի ավարտը, երբ այն տեղի ունենա, չի կարող լինել միայն ժամանակավոր դադար այն բանից առաջ, երբ Պուտինը նորից կհարձակվի»,- ավելացրել է Քիր Սթարմերը: