Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարիա Մալմոր Շտեներգաարդը հայտարարել է, որ երկիրը չի բացառի Ուկրաինա զորքեր ուղարկելը՝ հետպատերազմյան ցանկացած խաղաղապահ առաքելության շրջանակներում։ Այս մասին նա ասել է երկուշաբթի՝ փետրվարի 17-ին, շվեդական լրատվամիջոցներին տված մեկնաբանությունում, որը մեջբերում է Reuters-ը։

Մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ խաղաղապահ պարտականությունները կատարելու համար:

«Այժմ մենք պետք է նախ պայմանավորվենք արդար և կայուն խաղաղության շուրջ, որը հարգում է միջազգային իրավունքը, հարգում է Ուկրաինան և, առաջին հերթին, երաշխավորում է, որ Ռուսաստանը չի կարող պարզապես նահանջել, ուժեր հավաքել և հարձակվել Ուկրաինայի կամ այլ երկրի վրա ընդամենը մի քանի տարում», - ասել է Շվեդիայի արտգործնախարարը։

Նրա խոսքով, երբ նման խաղաղություն հաստատվի, Շվեդիան «պետք է աջակցություն ցուցաբերի դրան, և այդ ժամանակ մեր կառավարությունը ոչինչ չի բացառի»։