Պարզ զինադադարը խաղաղություն չի բերի Ուկրաինային։ Անհրաժեշտ է համաձայնագիր, որը կբավարարի Ուկրաինային ու Եվրոպային։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
«Խաղաղությունը չի կարող լինել պարզ զինադադար. մեզ անհրաժեշտ է համաձայնագիր, որը կապահովի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում և անվտանգություն Եվրոպայում», - գրել է նա Բրյուսելում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ Ուկրաինան կարող է հույս դնել Եվրոպայի վրա։
«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- հավելել է Կոստան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Քելլոգի հետ հանդիպել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ամբողջական ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային և պատրաստ է անել ավելին։
Ֆոն դեր Լեյենը նաև հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աշխատելու ԱՄՆ-ի հետ միասին՝ վերջ դնելու արյունահեղությանը և օգնելու ապահովել արդար և կայուն խաղաղություն, որին Ուկրաինան և նրա ժողովուրդը իրավամբ արժանի են։





























