Եվրամիությունը պետք է պահպանի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները և դիվերսիֆիկացնի իր էներգակիրների մատակարարումները, քանի որ Մոսկվան օգտագործում է էներգիան ԵՄ-ին շանտաժի ենթարկելու համար, Euronews-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Սթոքերը։
Վալենսիայում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարի շրջանակում անցկացված քննարկման ժամանակ եռակողմ կոալիցիայի ղեկավար Սթոքերը նշել է, որ ԵՄ-ն պետք է տարբերակի Ռուսաստանին և Պուտինին և պատրաստվի այն ապագային, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը այլևս իշխանության գլուխ չլինի։
«Ռուսաստանը միայն Պուտինը չէ,-ասել է Սթոքերը։-Պուտինի հետ գործ ունենալը չափազանց դժվար է, բայց Ռուսաստանը դեռ կգոյատևի, երբ նա այլևս իշխանության գլուխ չի լինի։ Մենք ներկայում Ռուսաստանը դիտարկում ենք որպես սպառնալիք, ներառյալ՝ Ավստրիայի համար, արևմտյան ժողովրդավարությունների դեմ նրա անկայունացնող գործողությունների և ապատեղեկատվական արշավների պատճառով։ Ներկա պահին Ռուսաստանը մեր գործընկերը չէ։ Բայց միշտ չի լինի այդպես. առաջնորդները հավերժ իշխանության չեն մնում։
Սթոքերը հավելել է, որ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների մեղմացման մասին, քանի որ Ուկրաինայում հրադադարի մասին ներկա պահին խոսք չկա։ Նա շեշտել է, որ ցանկացած խաղաղության համաձայնագիր պետք է կնքվի Ուկրաինայի պայմաններով։




























