2025 թվականի հունվար-հոկտեմբերի համար պլանավորված 72 միլիարդ 268 միլիոն 911 1500 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 70 միլիարդ 136 միլիոն 321 1750 դրամ, կատարողականը 97%։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխատակազմի Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը՝ ներկայացնելով քաղաքի սեփական եկամուտների ցուցանիշները։
«Թերհավաքագրման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի եկամուտի գծով թերհավաքագրումը։ Միաժամանակ, շինարարական թույլտվության և նախագծման թույլտվության գծով պլանավորված տարեկան 17 միլիարդ 186 միլիոն 899 հազար 500 դրամ սեփական եկամուտներից, փաստացի հավաքագրվել է 16 միլիարդ 768 միլիոն 382 հազար 800 դրամ, կատարողականը՝ ավելի քան 97.5%։
Միաժամանակ հայտնում եմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 17 միլիարդ դրամ»,–ասաց նա։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ Երևան քաղաքը իր սեփական եկամուտները մոտ մեկ տարվա ընթացքում 32%-ով ավելացրել է. «Իսկ ընդհանուր առմամբ վերջին երեք տարիների ընթացքում գրեթե եռապատկել է սեփական եկամուտները։ Այս ֆինանսական միջոցների հաշվին է, որ տեղի են ունենում այն աշխատանքները, որոնց մենք ականատես ենք լինում։ Ոչ միայն բակային աշխատանքները, որոնք ներկայացվեցին, այլև շատ և շատ այլ հիմնանորոգման աշխատանքներ այգիներում, փողոցներում, որոնց մասին առիթ կունենանք տարբեր ձևաչափերով խոսելու։ Սա իրականանում է հենց նաև եկամուտների ավելացման շնորհիվ, որը բացառիկ տեմպերով է ավելացել վերջին շրջանում։
Այս եկամուտները ուղղակիորեն մեր երկրի տնտեսական աճի հետ փոխկապակցված չեն և այդտեղ ունենք անելիք, մասնավորապես մենք պետք է դիտարկենք «Սալար» ընկերության կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները և այդ արդյունքները պետք է լուրջ հիմք հանդիսանան ամենախոշոր ռեֆորմի համար, որ պետք է տեղի ունենա Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման տեսանկյունից։
Ֆինանսական ապակենտրոնացման հարկերից մասհանումների օրենսդրական նախաձեռնության մասին է խոսքը, որով որ ոչ միայն Երևան քաղաքը, այլ նաև Հայաստանի Հանրապետության բոլոր մնացած համայնքները կունենան հնարավորություն, ոչ թե ուղղակի գոյատևման և պահպանման տրամաբանությամբ առաջնորդվել, այլ էական զարգացման հնարավորություն կստեղծի բոլորի համար։
Մենք ենթակառուցվածքները ոչ թե կմաշեցնենք, այլ էական նոր հնարավորություններ կստեղծվի այդ ենթակառուցվածքները, ոչ միայն վերակառուցելու, այլ նաև նորերը ստեղծելու»։





























