Ուկրաինան հաստատել է ապագա խաղաղության համաձայնագրի ընդհանուր շրջանակի վերաբերյալ համաձայնությունը Ժնևում կայացած բանակցություններից հետո, հաղորդում է Reuters-ը: Դրա մասին Reuters-ին հայտնել են քննարկումներին ծանոթ աղբյուրները:
Նրանց խոսքով՝ կարգավորման հիմնական պարամետրերը նախնական հավանություն են ստացել Կիևից, սակայն ամենազգայուն հարցերը պետք է քննարկվեն նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի մակարդակով:
Ավելի վաղ CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, նույնպես հայտնել էր, որ Ուկրաինան ընդհանուր առմամբ աջակցել է խաղաղության համաձայնագրի նախագծին, և միայն «որոշ աննշան մանրամասներ» են մնացել չլուծված:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հաստատել է, որ Ժնևում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումների ժամանակ կողմերը կարողացել են ընդհանուր պատկերացում կազմել ապագա փաստաթղթի հիմնական պայմանների վերաբերյալ:
Ըստ Financial Times-ի՝ համաձայնեցված պարամետրերը կարող են ներառել ուկրաինական բանակի թվաքանակի սահմանափակումը՝ մինչև 800 հազար զինվորի:
Մոսկվան սպասում է Ուկրաինայի և Եվրոպայի հետ բանակցություններից հետո ԱՄՆ-ի կազմած ժամանակավոր համաձայնագրին:



























