Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մտադիր է ԵՄ-ին հորդորել մեղմացնելու ներքին այրման շարժիչով աշխատող ավտոմեքենաների վաճառքի վերջնաժամկետը մինչև 2035 թվականը, գրում է The Guardian-ը։
Մերցը հայտարարել է, որ ուրբաթ նամակ կհղի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Բրյուսելին կոչ անելով բաց պահել տեխնոլոգիական տարբերակներն ավտոարտադրողների համար։ Ծրագիրը նախատեսում է արգելել նոր բենզինային և դիզելային ավտոմեքենաների վաճառքը ԵՄ-ում տասը տարվա ընթացքում։
Մերցի նամակը սրում է Գերմանիայի հզոր ավտոարդյունաբերության և Բրյուսելին հորդորողների միջև ծագող հակամարտությունը. վերջիններս կոչ են անում հետևել իր առաջատար կանաչ քաղաքականությանը, որը նախատեսված է մինչև 2050 թվականը ԵՄ-ին օգնել հասնելու ածխածնային չեզոքության իր նպատակին ։
«Այս նամակով մենք ճիշտ ազդանշան ենք ուղարկում հանձնաժողովին»,- ասել է Մերցը՝ հավելելով, որ Գերմանիայի կառավարությունը ցանկանում է պաշտպանել կլիման «տեխնոլոգիապես չեզոք ձևով»։
Մերցն ավելի վաղ հայտարարել էր, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ 2035 թվականի վերջնաժամկետը մեղմացնելու համար։ Այժմ նա պնդում է, որ կարևոր է, որ հիբրիդային ավտոմեքենաները շարունակվեն արտադրվել 2035 թվականից հետո։ Մերցն ասել է, որ իր նամակում կխնդրի մի շարք բացառություններ անել, ներառյալ՝ շարունակել արտադրել հիբրիդներ, մարտկոց-էլեկտրական հիբրիդներ, որոնց մարտկոցը լիցքավորվում է վարման ընթացքում, և երկարատև ճանապարհորդության համար պահեստային տարբերակով՝ «բարձր արդյունավետության» ներքին այրման շարժիչներով հագեցած երկարատև էլեկտրական ավտոմեքենաներ։ ԵՄ-ի նախատեսած արգելքը որոշ ավտոարտադրողների շրջանում բողոքներ է առաջացրել, քանի որ դա անիրագործելի է՝ հաշվի առնելով եվրոպացի վարորդների անտարբեր վերաբերմունքը էլեկտրական ավտոմեքենաների նկատմամբ։ Սեպտեմբերին ԵՄ-ն հայտարարեց, որ կարագացնի իր ծրագրերի վերանայումը՝ ավտոարտադրողներին ավելի մեծ վստահություն ապահովելու համար։ Մերցը բազմիցս արտահայտվել է արգելքի դեմ, սակայն նախքան ԵՄ-ին համատեղ դիրքորոշում հայտնելը այդ հարցը նա պետք է քննարկեր ձախակողմյան սոցիալ-դեմոկրատների (SPD) կոալիցիայի իր գործընկերների հետ։
Գերմանական ավտոոլորտը ճգնաժամի մեջ է՝ բախվելով էլեկտրական ավտոմեքենաների մեջ ներդրումների աճի ծախսերին և Չինաստանի կողմից եկող կատաղի մրցակցությանը, որը բացասաբար է անդրադառնում վաճառքի վրա։
Գերմանիայի կառավարությունը ավտոարդյունաբերությունը խթանելու համար մինչև 5000 եվրո սուբսիդիա կսահմանի էլեկտրական կամ հիբրիդային ավտոմեքենաների գնման համար, որոնց բաղադրիչները հիմնականում արտադրվում են Գերմանիայում: Չորեքշաբթի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ստեֆան Սեժուրնեն հայտարարեց, որ ԵՄ-ն պատրաստ է ճկունություն ցուցաբերել ներքին այրման շարժիչներից փուլ առ փուլ հրաժարվելու հարցում՝ դեկտեմբերի 10-ին սպասվող Հանձնաժողովի հայտարարությունից առաջ: Հանձնաժողովի խոսնակ Պաուլո Պինյոյին ուրբաթ հարցրել են՝ արդյոք Գերմանիան կփոխի իր դիրքորոշումը 2035 թվականի վերջնաժամկետի վերաբերյալ:
Սակայն շվեդական Volvo ավտոարտադրողը և նրա դուստր Polestar ընկերությունը՝ Եվրոպայի միակ լիովին էլեկտրական ավտոմեքենաների արտադրողը, ինչպես նաև հարյուրավոր ընկերություններ, որոնք արդեն ներդրումներ են կատարել էլեկտրական ավտոմեքենաների և մարտկոցների գործարաններում, կտրականապես դեմ են 2035 թվականի վերջնաժամկետի մեղմացմանը:





























