Շվեդիայի կառավարությունը որոշել է 60 միլիոն կրոն (6,73 միլիոն ԱՄՆ դոլար) հատկացնել Ուկրաինային առողջապահության, սոցիալական ծառայությունների և երեխաներին օգնություն տրամադրելու համար։ Դրա մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է սոցիալական հարցերի և հանրային առողջապահության նախարար Յակոբ Ֆորսմեդը։
Ըստ նրա՝ միջոցները, ի թիվս այլ բաների, կուղղվեն հակաբիոտիկների նկատմամբ կայունության դեմ պայքարին, տարեցների խնամքին, սոցիալական ծառայություններում երեխաների ու դեռահասների հետ աշխատանքին:
Այդ դրամաշնորհը 2025-2027 թվականների ընթացքում 129,5 միլիոն կրոն (14,40 միլիոն ԱՄՆ դոլար) երեք տարվա աջակցության մի մասն է կազմում: 2022 թվականի փետրվարից Ուկրաինային տրամադրված շվեդական օգնության ընդհանուր գումարը կազմում է մոտ 114 միլիարդ կրոն (12,67 միլիարդ ԱՄՆ դոլար), որից 24,4 միլիարդ կրոնը (2,71 միլիարդ ԱՄՆ դոլար) քաղաքացիական աջակցություն է:


























