Հռոմի Պապ Լևոն XIV-ը երեք բեռնատարներ է ուղարկել Ուկրաինա, որոնք պարունակում են 80 էլեկտրագեներատոր, դեղորայք և սնունդ, հայտնում է Vatican News պորտալը։ Մարդասիրական օգնությունն արդեն ժամանել է Ուկրաինա։
Նշվում է, որ փետրվարի 4-ին տեղի ունեցած լսումների ժամանակ պապը կոչ է արել աջակցել Ուկրաինային՝ իր էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքները հաղթահարելու համար և երախտագիտություն է հայտնել բազմաթիվ թեմերում, մասնավորապես Լեհաստանում, ծագած համերաշխության նախաձեռնությունների համար։
«Պոնտիֆիկոսն արձագանքել է բազմաթիվ եպիսկոպոսների կոչերին, ովքեր, գիտակցելով պատերազմի պատճառած տառապանքները, օգնություն էին խնդրում նրանից՝ Ուկրաինան համակած սաստիկ սառնամանիքներով պայմանավորված դժվարությունները հաղթահարելու համար: Գիշերային ջերմաստիճանն իջնում է մինչև -15°C, իսկ ցերեկայինը տատանվում է -10°C-ից -12°C-ի սահմաններում: Շատ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ ջեռուցվող ապաստարաններում տաքություն գտնելու համար, որտեղ, գեներատորների շնորհիվ, նրանք կարող են նաև տաք սնունդ ստանալ», — ասված է հաղորդագրության մեջ:
«Գեներատորների հետ մեկտեղ Ուկրաինա են ուղարկվել հազարավոր դեղամիջոցներ, այդ թվում՝ հակաբիոտիկներ, հակաբորբոքային միջոցներ, սննդային հավելումներ և մելատոնին, որը հատկապես մեծ պահանջարկ ունի, քանի որ օգնում է մարդկանց քնել մշտական վախի և սթրեսի պայմաններում», — հավելել են Վատիկանում:


























