Ֆրանսիացի զինվորականը զոհվել է անօդաչուի գրոհի հետեւանքով Իրաքի Էրբիլի շրջանում, եւս մի քանի զինվորականներ վիրավորվել են, հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այդ գրոհը մեր ուժերի դեմ, որոնք 2015-ից մասնակցում են ԻՊ-ի դեմ պայքարին, անընդունելի է»,- գրել է Մակրոնը Х սոցցանցում։

Նրանց ներկայությունն Իրաքում խստորեն համապատասխանում է ահաբեկչության դեմ պայքարին։ Պատերազմն Իրանում չի կարող արդարացնել նման հարձակումները»,- ավելացրել է Ֆրանսիայի նախագահը։

Վեց ֆրանսիացի զինվորականներ, որոնք հակաահաբեկչական պատրաստություն էին անցկացնում, վիրավորվել են անօդաչուի գրոհի հետեւանքով, հինգշաբթի տեղեկացրել է ֆրանսիական բանակը, այն բանից ընդամենը մի քանի ժամ հետո, երբ այդ շրջանում գրոհի է ենթարկվել նաեւ իտալական բազան։

Ֆրանսիան իր հարյուրավոր զինծառայողների տեղակայել է Էրբիլի շրջանում, ԻՊ-ի գրոհայինների դեմ պայքարի միջազգային լայն կոալիցիայի շրջանակում։ Այստեղ է գտնվում նաեւ ամերիկյան զորակազմը, որն արդեն ենթարկվել է գրոհների Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմն սկսվելուց հետո։

Էրբիլի նահանգապետ Օմեդ Քոշնաուն հայտնել է, որ անօդաչուի գրոհը տեղի է ունեցել Էրբիլի նահանգի Մախմուր շրջանում։ Գիշերային ավիահարվածը իտալական ռազմակայանին իրաքյան Քրդստանում միտումնավոր էր, ավելի վաղ հինգշաբթի հայտնել էր Իտալիայի ՊՆ-ն, հարվածի թիրախը այն օբյկետն էր, որտեղ տեղակայված է ՆԱՏՕ զորակազմը։

Ֆրանսիան ավիակիր հարվածային խումբ է ուղարկում Միջերկրական ծով, Կարմիր ծով եւ, գուցե, Հորմուզի նեղուց, դաշնակիցների պաշտպանական աջակցության շրջանակում։