ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին «Коммерсантъ» պարբերականին տված հարցազրույցում պատմել է, թե Իրանին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածների ֆոնին ինչն է իրեն ամենաշատը մտահոգում միջուկային անվտանգության տեսանկյունից:

Ըստ Գրոսի, այս իրավիճակին կարելի է նայել բազմաթիվ տեսանկյուններից, սակայն կարելի է ընդգծել մեկ բան. միջուկային օբյեկտները չպետք է ենթարկվեն հարձակումների:

«Այդ մասին խոսել եմ Վիեննայում, Նյու Յորքում, ամենուր, դա չափազանց կարևոր է։

Ինչ վերաբերում է հենց Իրանում տիրող իրավիճակին և Ձեր հարցին, թե միջուկային որ ռիսկերն են ինձ այստեղ ամենաշատը մտահոգում, ապա ես ելնում եմ նախևառաջ նրանից, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել այս կամ այն հարձակումները։ Մինչ այժմ դրանք ուղղված են եղել հիմնականում այնպիսի օբյեկտների, որոնք հենց միջուկային անվտանգության տեսանկյունից կապված են սահմանափակ ռիսկերի հետ։ Ինձ ճիշտ հասկացեք, ես ոչ մի դեպքում չեմ արդարացնում որևէ հարված այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն միջուկային ենթակառուցվածքների հետ, առավել ևս, որ մի շարք տուժած վայրերում կան նյութեր, որոնց հնարավոր տարածումը կարող է խնդիրներ առաջացնել, և, իհարկե, դա լուրջ մտահոգություն է առաջացնում»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, ըստ Գրոսի, իր գլխավոր մտավախությունները, բնականաբար, կապված են «Բուշերի» հետ:

«Դա գործող ատոմակայան է, իսկ նման օբյեկտները պետք է անձեռնմխելի մնան ցանկացած պարագայում:

Կրկին ընդգծեմ՝ ոչ մի միջուկային օբյեկտ չպետք է ենթարկվի հարձակման:

Բայց Իրանի պարագայում, քանի որ հարցրիք, թե ինչն է ինձ ամենաշատը մտահոգում, ապա դա «Բուշերն» է: Իմ գլխավոր հոգածությունն այն է, որ «Բուշերն» որևէ կերպ չտուժի»,- ասել է նա: