Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ հեռախոսազրույցում ընդգծել է բոլոր երկրների պատասխանատվությունը՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը տարածաշրջանում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի շարունակվող ագրեսիվ պատերազմի ֆոնին. հայտնում է Tasnim-ը:
Շաբաթ երեկոյան տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին և Ժան-Նոել Բարոն քննարկել են Իրանին ԱՄՆ-ի ու Իսրայելի հասցրած հարվածները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում և Հորմուզի նեղուցում շարունակվող անկայունության միակ գործոնն ու հիմնական պատճառը Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են:
Արաղչին նաև շեշտել է ստեղծված իրավիճակում բոլոր երկրների պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը և Իրանի վրա հարձակված ագրեսորների հանցավոր գործողությունները վճռականորեն դատապարտելու կարևորությունը։ Նա նաև հորդորել է զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության էսկալացիայի և ընդլայնման:
Վերահաստատելով սեփական ինքնիշխանությունը, արժանապատվությունը, տարածքային ամբողջականությունն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու Իրանի անսասան վճռականությունը՝ ԱԳ նախարարը պարզաբանել է, որ Իրանի պաշտպանական գործողություններն ուղղված են բացառապես տարածաշրջանում ագրեսորների ռազմաբազաների ու օբյեկտների դեմ և ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվեն որպես հարձակում տարածաշրջանի երկրների վրա։
Ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանում անվտանգության բացակայության հիմնական պատճառը «սիոնիստական վարչակարգի ագրեսիան և հեգեմոնիան է», հայտարարել է Արաղչին՝ հավելելով, որ Լիբանանում անդորրի վերականգնումը կախված է «իսրայելական վարչակարգի օկուպացիայի, հարձակումների և ագրեսիայի դադարեցումից»։ Երկու բարձրաստիճան դիվանագետները քննարկել են նաև հյուպատոսական տարբեր հարցեր: