Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում առնետները զանգվածային էլեկտրաէներգիայի անջատման պատճառ են դարձել, որի հետևանքով Հարմալյա և Ռանտապերկյո շրջաններում Tampere Energia ընեկրության մոտ 5500 բաժանորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Իրավիճակի մասին մարտի 18-ին հայտնել է Aamulehti պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի: Պարբերականի տվյալներով՝ կենդանիները վնասել են մալուխային ցանցը՝ բարձրանալով բաց սարքավորումների վրա: Tampere Energia-ի օպերատիվ հարցերով գլխավոր տնօրեն Ջոունի Վանհանարկաուսը հաստատել է վթարի փաստը: Նա նշել է, որ դա նույն օբյեկտում երկրորդ նմանատիպ միջադեպն է: Այս ձմռան սկզբին այնտեղ գրանցվել է առաջին անջատումը, որից հետո մասնագետները սատկած առնետ են հայտնաբերել: Երկու միջադեպերից հետո էլ անջատման վայրում հայտնաբերվել են սատկած կրծողներ. նրանք, ըստ երևույթին, սատկում են կարճ միացման ժամանակ:

«Այս ձմռան սկզբին նույն վայրում էլեկտրաէներգիայի անջատում էր եղել։ Հետո մենք առնետ գտանք։ Փորձեցինք միջոցներ ձեռնարկել, սակայն դրանք անբավարար էին։ Պետք է ուրիշ բան մտածենք»,- նշել է Վանհանարկաուսը։

Տնօրենն ընդգծել է, որ 20 տարվա աշխատանքի ընթացքում երբեք նման բանի չի հանդիպել։ Նա ասել է, որ երբեմն թռչուններն են խնդիրներ առաջացնում օդային էլեկտրահաղորդման գծերի հետ, սակայն երբեք չի լսել կենդանիների մալուխային ցանցերը վնասելու որևէ դեպքի մասին։

Ըստ տեղեկությունների՝ առնետները բնակություն են հաստատել սարքավորումների մոտ գտնվող բետոնե խողովակի տակ։ Առաջին միջադեպից հետո մասնագետները փորձել են տարածքը ծածկել խճաքարերով և առնետային թույն կիրառել ՝ թե՛ ընկերության ուժերով, թե՛, ըստ երևույթին, հարևան տանտերերի օգնությամբ։ Սակայն ձեռնարկած միջոցառումներն անարդյունավետ են եղել։