News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի մարտական դիրքերում նոյեմբերի 22-ին վիճաբանության ժամանակ նախնական տվյալներով ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած Ազնավուր Բալեյանին տեղափոխել են Երեւան: Վիրավոր զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նրան վիրահատել են: Ազնավուր Բալեյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

Ազնավուր Բալեյանն ունի գլխի շրջանում հրազենային վնասվածք:

Ազնավուր Բալեյանը Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից է: Նա 1 ամսից զորացրվելու է,  ունի իրենից մեծ եւ փոքր եղբայրներ:

Ավելի վաղ NEWS.am-ին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ  34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միեւնույն հերթափոխում:

Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջեւ առաջացել է վիճաբանություն՝  Ա. Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաեւ՝  կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը  դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին եւ նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ:

Տպել
Ամենաշատ