Կրասնոյարսկի հիվանդանոցում հիվանդի գլխից փամփուշտը հանել են քթանցքով: 24-ամյա երիտասարդը վիրավորվել էր բնակելի շենքի շքամուտքում՝ ընտանեկան խնջույքից հետո հարազատների բնակարանից դուրս գալիս. անհայտ անձը տրավմատիկ ատրճանակից կրակել էր նրա գլխին:
Վերքի հետեւանքով երիտասարդը զրկվել էր մի աչքից: Փամփուշտը մնացել էր գլխում, սկսվել էր բորբոքում եւ երկրորդ աչքի կուրացումը, պետք էր անմիջապես հանել փամփուշտը, փոխանցում է «Կոմսոլոմսկայա պրավդան»:
Բժիշկները վճռել էին չդիմել գանգի ոսկրաշաղափման, քանի որ տուժածի դեմքն առանց այդ էլ այլանդակվել էր: Կրասնոյարսկի հիվանդանոցի բժիշկ Դավիթ Միխելաշվիլին խոստովանել է, որ առաջին անգամ էր նման վիրահատության բախվում: Ի դեպ, բժիշկները փամփուշտը դուրս են բերել մեկ ժամում:
«Եթե փամփուշտը գլխի անմատչելի հատվածում է մնում, բժիշկները սովորաբար բացում են գանգատուփը: Մեր բախտը բերել է. փամփուշտը հաջողվել է հանել քթանցքով»,- ասել է Միխելաշվիլին:
Երիտասարդի տեսողությունը վերականգնվում է:





























