Microsoft Research-ի ինժեներներն ու դիզայներները ցուցիչներով կրծկալ են ստեղծել, որը հետեւում է կրողի տրամադրությանը եւ զգուշացնում, թե երբ կարիք չկա սեղանին մոտենալ։

Ըստ գիտնականների՝ շատակերության պատճառներից մեկը նյարդային լարվածությունն է, ընդ որում՝ նյարդային հողի վրա գերսնվելուն ավելի շատ հակված են կանայք։ Նման խնդիր ունեցողների համար ինժեներները ցուցիչ են ստեղծել՝ 3-7 վոլտանոց մարտկոցով միկրոպրոցեսորով, հայտնում է  The Daily Mail-ը։

Այն ի վիճակի է միաժամանակ մինչեւ ութ կենսաազդանշան մշակել։ Սարքը հաշվարկում է սրտի կծկումների եւ շնչառության հաճախականութունը, էլեկտրասրտագրական տվյալները, որոշում է սթրեսի մակարդակը։ Տեղեկությունը փոխանցվում է սմարթֆոնների հատուկ հավելվածի միջոցով, հայտնում է Russia Today-ը։

Այսպիսով, հնարավոր է դառնում հստակ որոշել օրգանիզմի փոփոխությունները, որոնք սովորաբար ուղեկցում են սթրեսին եւ գերսնման  նախադրյալ են։ Սակայն նորույթը մեկ էական թերություն ունի. ցուցիչների մարտկոցի լիցքը բավական է լինում ընդամենը չորսժամյա աշխատանքի համար: