Բելգիայում դատում են ադրբեջանցու, որը ծեծի է ենթարկել իր հայրենակցուհուն, ինչի հետեւանքով վերջինս ցած է նետվել բնակելի շենքի պատուհանից: Այդ մասին գրում է բելգիական շրջանային «Nord Eclair» թերթը:
«Գիտե՞ք արդյոք, որ եթե Ադրբեջանում տղամարդը ցանկանում է գրավել կնոջը, նա պետք է դիմի կնոջ միջնորդությանը: Հավանաբար նախորդ դարից եկող այս ավանդույթի պատճառով է կինը նետվել բնակելի շենքի երրորդ հարկի պատուհանից ու ընկել կայանած մեքենայի վրա: Դա տեղի է ունեցել 2012թ.-ի օգոստոսի 19-ին, կեսօրից քիչ առաջ»,- գրում է թերթը:
2004թ.-ին Բելգիա ժամանած 34-ամյա Ջամել Փաշաեւը սիրահարվել էր հայրենակցուհուն: Սակայն երբ իմացել է, որ հանդիպում կազմակերպող միջնորդուհին վատաբանել է իրեն, խիստ բարկացել է: Բարկությունն ավելացել է հինգ լիտր գինուց հետո, որոնք խմել էր իր հյուրի հետ միասին: Սուր վեճ է բորբոքվել. Ջամելը չգիտի, ինչու է 30 րոպե շարունակ ծեծի ենթարկել զոհին: Կինը տեսնելով, որ Ջամելն անօրինական կերպով զրկել է իրան ազատությունից, սպառնացել է, որ ցած կնետվի պատուհանից:
Միջադեպի հանգամանքները պարզելու ժամանակ նա հայտնել է, որ կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: Սակայն դատախազության կարծիքով, եթե տղամարդը բռնություն չկիրառեր, կինը չէր նետվի ու հաշմանդամ չէր դառնա: Սպանության փորձի մեջ մեղադրվող Ջամել Փաշաեւին դատապարտում են կանխամտածված մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով, ինչը հանգեցրել է հաշմանդամության: Հնարավոր է, առաջիկա երեք տարին նա անցկացնի բանտում:
Պաշտպանական կողմը միջնորդել է Ջամելի համար պատիժ ընտրել հասարակական աշխատանքներն ու բողոքարկում է հայտարարությունն այն մասին, որ Փաշաեւն ահաբեկել է համայնքին: «2004թ.-ից իմ պաշտպանյալի հասցեին բողոք չի եղել: Նրա բնակարանում արյուն են հայտնաբերել, քանի որ բոկոտն քայլել է կոտրված ապակու վրայով: Սակայն նա չի հիշում, ինչու է կռվել այդ կնոջ հետ, ով իր հայրենակցուհին է: Ձերբակալման պահին նա գտնվել է ոչ սթափ վիճակում»,- ասել է փաստաբանը:





























