Բադ Կրոյցնախ քաղաքում հարբած կին վարորդը մեքենայով բախվել է պատին ու որոշել ոստիկաններից թաքնվել սեփական մեքենայի բեռնախցիկում, հաղորդում է Metro-ն:

Դեպքի վայր հասած իրավապահները հայտնաբերել են վթարի ենթարկված մեքենան ու սկսել են էվակուացնել այն: Նրանք չէին կարող պատկերացնել, որ ողջ այդ ընթացքում մեքենայի վարորդը գտնվել է բեռնախցիկում: Արդյունքում 30-ամյա գերմանուհին, ում անունը չի հաղորդվում, 36 ժամ անցկացրել է մթության մեջ: Բարեբախտաբար, նա իր հետ ուտելիք ու ըմպելիք է ունեցել, այնպես որ առողջության հետ կապված խնդիրներ նրա մոտ չեն ծագել, հաղորդում է Vesti.ru-ն:

Երկու օր կամավոր ազատազրկումից հետո վարորդը ստիպված է եղել դուրս գալ թաքստոցից: Ղեկին ոչ սթափ վիճակում գտնվելու համար նրան զրկել են վարորդական իրավունքից: