Նյու-Յորքի Բրոնքս  արվարձանում գնացքի վթարի հետեւանքով նվազագույնը չորս մարդ է զոհվել: Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն պաշտոնապես հայտարարել է 63 տուժածների մասին, հաղորդում է Associated Press-ը: Լրատվամիջոցների ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ տուժել է 67 մարդ, որից 12-ի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Վթարի վայրում աշխատում են հրշեջներ ու փրկարարներ, ովքեր փորձում են մարդկանց դուրս բերել շրջված վագոններից, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքին: Գնացքի մի հատված ջուրն է ընկել:

Գնացքը պատկանում է Metro-North ընկերությանը, որի ներկայացուցչի հայտարարության համաձայն՝գծերից դուրս են եկել 7 վագոններից 5-ը:

Գնացքի վթարի պատճառ է դարձել արգելակման խափանումը, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին:Աղբյուրի խոսքով՝ քննիչների կողմից հարցաքննված մեքենավարը հայտարարել է, որ փորձել է արգելակել, սակայն արգելակները չեն գործել: Գնացքի ուղեւորները լրագրողներին պատմել են, որ վթարից առաջ «այն սովորականից արագ էր ընթանում»: