Եթովպիայում երեք առյուծներ աղջկան փրկել են առեւանգողներից: Հանցագործները փորձում էին 12-ամյա երեխային ստիպողաբար ամուսնացնել իրենցից մեկի հետ:
Չարագործներին վախեցնելով՝ առյուծները մի քանի ժամ հսկել են աղջկան, եւ հենց որ ոստիկանությունը ժամանել է, փախել են անտառ, հայտնում է infosmi.net-ը:
Ադիս Աբեբայից 560 կմ հարավ-արեւմուտքում գտնվող եթովպական քաղաքում բնակվող ընտանիքի կրտսեր աղջկան առեւանգել էին հունիսի սկզբին:
Եթովպիայի գյուղնախարարության փորձագետ Սթյուարթ Ուիլյամսի խոսքով՝ առյուծները կարող էին երեխային չվնասել եւ պաշտպանել, քանի որ նրա լացի ձայնը նմանեցրել են իրենց ձագերի մլավոցին:
Առեւանգման պահից ի վեր աղջկան բազմիցս ծեծի էին ենթարկել: Ոստիկաններից մեկի խոսքով՝ եթե առյուծները չլինեին, ամեն ինչ շատ ավելի վատ կլիներ: «Հաճախ են աղջիկներին բռնաբարում եւ ծեծում՝ իրենց հետ ամուսնանալ ստիպելու համար»,- պատմել է ոստիկանը: Նա նշել է, որ քաղաքում կատարվածը հրաշք են համարում:
Փրկված աղջնակը, ըստ ոստիկանների, չափազանց վախեցած էր, բայց ոչ թե առյուծներից, այլ իրեն առեւանգողներից: Այժմ նրանցից չորսը ձերբակալված են: Եվս երեքին որոնում են:





























