NEWS.am-ի նոյեմբերի 27-ի հրապարակումից անմիջապես հետո Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը զանգահարել է հերթապահության ժամանակ կանչի մեկնելիս վթարի ենթարկված Արմեն Մկրտչյանին եւ հրավիրել է Առողջապահության նախարարություն, որտեղ նրան հայտնել է, որ ոչ թե Արմենին են Գերմանիա ուղարկելու, այլ նրա փաստաթղթերը` իմանալու գերմանացի իրենց գործընկերների կարծիքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արմեն Մկրտչյանի կինը` Հասմիկ Հակոբյանը:
«Ձեր հրապարակումից րոպեներ անց զանգեցին ու ասացին, որ Արմենի փաստաթղթերն արդեն պատրաստ են, ու մեզ նախարարություն կանչեցին: Պողոսյանը նորից կոնսիլիում հրավիրեց, բժիշկները նորից նույն բաներն ասացին, ուռոլոգը նորից նույն դեղը նշանակեց ու մեզ տուն ուղարկեցին` մեր գլխի տակ փափուկ բարձ դնելով»,- պատմեց Հասմիկը:
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարը տեղի էր ունեցել ապրիլի 19-ին, առողջապահության նախարարությունը ամիսներ շարունակ անուշադրության էր մատնել մասնագիտական պարտքը կատարելիս անգործունակ դարձած իր նախկին աշխատակցին։ Միայն հոկտեմբերի վերջին մամուլի հրապարակումներից հետո փոխնխարարն այցելել էր, խոստացել օգնել բուժումը արտասահմանում կազմակերպելու հարցում, սակայն մեկուկես ամիս կրկին ոչինչ չէին ձեռնարկել։
38-ամյա նախկին զինվորական բժիշկն արդեն 8 ամիս քայլում է քայլասայլակի օգնությամբ, աջ ձեռքը թուլացել է, 24 ժամ միզածորանին ամրացված է կաթիլային պարկը։ Երեք անչափահաս երեխաների հայր Արմեն Մկրտչյանը հենաշարժողական համակարգի խնդիրների պատճառով ի վիճակի չէ աշխատել, կերակրել ընտանիքին։
Մկրտչյանների վարձակալած բնակարանի ամսական վարձը միայն 50 հազար դրամ է, մինչդեռ տան միակ եկամուտը Արմենի հաշմանդամության թոշակն է՝ 44 հազար դրամ։
Ընտանիքի վիճակը ծանր է, քանի որ կինը նույնպես չի կարողանում աշխատել. կրտսեր որդին 5 ամսական է։ Հասմիկն ու ամուսինը չգիտեն, թե ինչպես են ձմռան օրերին ջեռուցելու բնակարանը: Արմենն այս պահին մտածում է որակյալ բուժում ստանալու և ինքնուրույն ընտանիքին պահելու մասին. «Որպես բժիշկ` գիտակցում եմ, որ ինձ միայն որակյալ բուժումը կփրկի: Դրա համար էլ փոխնախարարին ուղիղ հարց եմ տվել. եթե ինձ հաստատ ուղարկելու են Գերմանիա, սպասեմ, եթե չէ, գլխիս ճարը տեսնեմ: Պողոսյանը խոստացավ խոսել նախարարի հետ ու պատասխան տալ ու դրանից հետո ոչ մի բան… Էսպես չի լինի, ամեն անգամ օդում հույս են տալիս, ուղարկում տուն: Ուզածս հստակ պատասխանն է»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենը:
Արմենին օգնելու համար հարազատների բացած հավեհամարներին մեր վերջին հրապարակումից հետո փոխանցվել է ընդամենը 150 հազար դրամ: Մինչեւ այդ փոխանցվել էր ևս 200 հազար դրամ։ 50 հազար դրամ փոխանցել է դերասան YERE1նախագծից հայտնի դերասան Գրիգոր Դանիելյանը կնոջ հետ։ «Գումարին չենք կպել, ոչ մի կոպեկ չենք հանել: Գումարը հավաքում ենք միայն ու միայն Արմենի բուժման համար»:
Հասմիկը պատմեց, որ հարազատներն են օգնում, իսկ ինքն էլ ամեն կերպ խնայում է, երեխաներին ինչ որ բաներից զրկում, որպեսզի ամուսնու դեղերն ու կաթիլային պարկերը գնի:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ մինչեւ շաբաթվա վերջ Արմենի թղթերը կուղարկենք գերմանական առաջատար կլինիկա, որից հետո էլ արդեն պարզ կլինի հետագա ընթացքը։ «Նախարարության պրակտիկայում հիվանդներին Եվրոպա ուղարկելու փորձ չկա։ Մենք միայն կարող ենք մեր հիվանդներին ուղարկել ԱՊՀ որևէ երկիր, այդ դեպքում էլ հոգում ենք միայն ճանապարհածախսը, բայց ոչ բուժումը»,- ասաց բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։
Վարչության պետը տեղյակ չէր, որ հոկտեմբերի 29-ին Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը Արմենին խոստացել է Գերմանիա ուղարկել: «Նման բան կարող է լինել միայն հատուկ դեպքում»:
Արմենի բուժման համար բացված հաշվեհամարն է՝ UNIBANK 24126004342700 AMD 24126004342701 USD 24126004342702 EUR




























