Լոնդոնի Գերագույն դատարանը 25-ամյա Լուիզա Հոդքինի հայցի հիման վրա վճիռ է կայացրել, որով սայենտոլոգիան ճանաչվում է որպես դավանանք: Նա պահանջում էր բրիտանական իշխանություններից պաշտոնապես ճանաչել իր ամուսնությունը, եթե այն կայանա սայենտոլոգիական եկեղեցում:
Դատարանը որոշել է, որ «սայենտոլոգիան դավանանք է, իսկ դրա պաշտոնական հաստատությունները կրոնական արարողությունների անցկացման վայր են»: Այդ կերպ չեղյալ է համարվել 1970թ.-ին ընդունված բրիտանական դատական նորմը, որի համաձայն շարժումը դավանանք չէր համարվում, քանի որ չուներ «պաշտամունքային պրակտիկա»: «Դավանանքը միշտ չէ, որ Աստծո առկայություն է պահանջում: Իմ կարծիքով՝ սայենտոլոգիան ունի անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի դավանանք համարվի»,- նշել է վճիռը կայացնող դատավոր Թուսլոնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դատարանի վճիռը հետագա հետեւանքներ է ենթադրում Մեծ Բրիտանիայում սայենտոլոգիական եկեղեցու կարգավիճակի համար: Այսպես, բրիտանական կառավարությունն արդեն իր «խիստ անհանգստությունն» է հայտնել, որ վճիռը կհանգեցնի սայնետոլոգների կողմից վարձակալված հաստատություններից ստացվող եկամուտների անկման:
1954թ.-ին հիմնված Սայենտոլոգների եկեղեցին շատ պետություններում չի ճանաչվում որպես կրոնական կազմակերպություն: Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում սայենտոլոգիական կազմակերպություններն ունեն կրոնական կարգավիճակ՝ համապատասխան հարկային արտոնություններով:





























